Կուսակծությունների մասին օրենք

Սույն սահմանադրական օրենքը սահմանում է կուսակցությունների իրավական կարգավիճակը, կարգավորում է կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, կառուցվածքի, իրավունքների և պարտականությունների, գույքի ձևավորման, դրա աղբյուրների, ֆինանսական գործունեության, կուսակցությունների հանրային աջակցության, կուսակցությունների հաշվետվությունների և աուդիտի, միջազգային գործունեության, նրանց գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողության, գործունեության կասեցման, գործունեության վերսկսման, արգելման, վերակազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները:

Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

Կուսակցությունները հավասար են օրենքի առջև` անկախ իրենց ծրագրային փաստաթղթերում արտացոլված գաղափարախոսությունից, նպատակներից, խնդիրներից և այլ հանգամանքներից:
Կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա:
Կուսակցությունները, հաշվի առնելով կուսակցությունների գործունեության սկզբունքները, ինքնուրույն են որոշում իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, կուսակցության մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին: