Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում

Արյան մակարդումը:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում:

Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:

Արյան փոխներարկում:

Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի 1/3-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ:

Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն ռեցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է:

Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ:

Արյան խմբեր:

Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  α և β ագլյուտինիններ:

Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:

Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:

Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 40−50%-ը ունի առաջին խմբի արյուն, 30−40%-ը` երկրորդ, 10−20%-ը՝ երրորդ, իսկ 5%-ը՝ չորրորդ խումբ:

Ռեզուս գործոն:

Այդ գործոնը հատուկ սպիտակուցային նյութ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապիկի էրիթրոցիտներում: Մարդկանց 85%-ի մոտ էրիթրոցիտներում առկա է ռեզուս գործոնը, ուստի նրանք կոչվում են ռեզուս դրական (Rh+), իսկ 15% մարդկանց էրիթրոցիտներում այն բացակայում է (Rh−): Եթե ռեզուս դրական արյունը ներարկվում է ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց, ապա վերջիններիս արյան մեջ, ի պատասխան օտարածին սպիտակուցի, առաջանում են հակամարմիններ: Բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի մարդկանց երկրորդ անգամ են ներարկում ռեզուս դրական արյուն, տեղի է ունենում էրիթրոցիտների քայքայում, հիվանդը կորցնում է գիտակցությունը և կարող է մահանալ:

Leave a comment